Համապատասխանություն (կոմպլաենս) և գործարար էթիկա

   Ovio-ի գործունեության հիմքում պատասխանատու բիզնեսի սկզբունքներն են, որոնց պահպանումը մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասն է։ Ընկերության զարգացումը, գործընկերների և հաճախորդների վստահությունը, ինչպես նաև երկարաժամկետ հաջողությունը պայմանավորված են ոչ միայն մեր ծառայությունների և լուծումների որակով, այլև այն արժեքներով, որոնցով առաջնորդվում ենք մեր գործունեության ընթացքում։

Ovio-ում կորպորատիվ կառավարման համակարգը կառուցվում է օրինականության, թափանցիկության, հաշվետվողականության և բարեվարքության սկզբունքների վրա։ Այդ սկզբունքները հիմք են ծառայում գործարար որոշումների կայացման, ռիսկերի կառավարման և գործընկերների, հաճախորդների ու այլ շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերությունների համար։

Ընկերության ներքին քաղաքականություններն ու ընթացակարգերը սահմանում են միասնական մոտեցումներ, որոնք նպաստում են պատասխանատու կառավարմանը, ռիսկերի կանխարգելմանը, կորպորատիվ մշակույթի զարգացմանը և կիրառելի օրենսդրության պահանջների պահպանմանը։ Դրանք ձևավորում են աշխատանքային միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից գիտակցում է իր դերն ու պատասխանատվությունը Ընկերության հեղինակության և վստահության պահպանման գործում։

Վստահ եմ, որ միասնական արժեքների շուրջ ձևավորված կորպորատիվ մշակույթը, պատասխանատու գործելակերպը և շարունակական զարգացումը կշարունակեն ամրապնդել Ovio-ի դիրքերը, կավելացնեն մեր գործընկերների և հաճախորդների վստահությունը և կստեղծեն ամուր հիմք Ընկերության հետագա զարգացման համար։


Հակակոռուպցիոն օրենսդրության պահպանման Քաղաքականություն և Շահերի բախման կառավարման Քաղաքականություն


Կիրառվող հակակոռուպցիոն օրենսդրության և Ընկերության ներքին քաղաքականությունների պահանջներին OVIO-ի գործունեության համապատասխանությունն ապահովելու, կոռուպցիոն ռիսկերը ժամանակին բացահայտելու, գնահատելու, վերլուծելու, կանխարգելելու և նվազագույնի հասցնելու նպատակով Ընկերությունում ներդրվում և շարունակաբար կատարելագործվում է Համապատասխանության (կոմպլաենս) համակարգը։

OVIO-ն հավատարիմ է գործարար էթիկայի, ազնվության, թափանցիկության և կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության սկզբունքներին։ Ընկերության յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է իր գործունեության ընթացքում պահպանել կիրառվող հակակոռուպցիոն օրենսդրության, Ընկերության հակակոռուպցիոն քաղաքականության և գործարար վարվելակերպի ու էթիկայի կանոնների պահանջները։

  Հակակոռուպցիոն օրենսդրության պահպանում

Շահերի բախման կառավարում


Գործարար վարվելակերպի և էթիկայի կանոնակարգ

OVIO-ի երկարաժամկետ հաջողության և կայուն զարգացման հիմքում ընկած են ազնվության, թափանցիկության, փոխադարձ հարգանքի և պատասխանատու գործարարության սկզբունքները։ Ընկերությունը կարևորում է իր բաժանորդների, գործարար գործընկերների, աշխատակիցների, բաժնետերերի և հասարակության վստահությունը՝ այն դիտարկելով որպես իր գործունեության կարևորագույն արժեքներից մեկը։

Այս վստահության պահպանման և ամրապնդման հիմքում OVIO-ի հավատարմությունն է գործարար էթիկայի բարձր չափանիշներին, կիրառվող օրենսդրության պահանջներին, միջազգային լավագույն փորձին և պատասխանատու գործարար վարվելակերպի սկզբունքներին։ Ընկերությունն իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնորդվում է օրինականության, բարեվարքության և կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության սկզբունքներով։

  Մատակարարների հետ գործարար վարքի կանոններ

  Գործարար վարվելակերպի և էթիկայի կանոնակարգ

Միասնական Թեժ գիծ

Գործարար վարվելակերպի և էթիկայի կանոնների, հակակոռուպցիոն քաղաքականության պահանջների հնարավոր կամ փաստացի խախտումների, կոռուպցիայի, խարդախության, շահերի բախման, ինչպես նաև Ընկերության գործունեությանը վերաբերող օրենսդրության և ներքին կարգավորող փաստաթղթերի այլ խախտումների վերաբերյալ տեղեկությունները կարող եք հաղորդել OVIO-ի թեժ գծի էլեկտրոնային հասցեով՝ hotline@viva.am. Հնարավոր կամ փաստացի խախտումների մասին կարող եք հաղորդել նաև Ընկերության պաշտոնական կայքում՝ լրացնելով համապատասխան էլեկտրոնային դիմումի ձևը։

OVIO-ն խրախուսում է հնարավոր խախտումների վերաբերյալ բարեխիղճ հաղորդումների ներկայացումը և երաշխավորում դրանց գաղտնիության պահպանումը՝ կիրառվող օրենսդրությամբ և Ընկերության ներքին կարգավորող փաստաթղթերով սահմանված շրջանակներում։ Ընկերությունը չի հանդուրժում բարեխղճորեն խախտումների մասին հաղորդում ներկայացրած անձանց նկատմամբ որևէ ճնշում, հետապնդում կամ պատասխան գործողություն։

Բաժանորդների սպասարկմանը վերաբերող բողոքները, ինչպես նաև բաժանորդային ծառայությունների որակին վերաբերող դժգոհությունները չեն դիտարկվում տվյալ թեժ գծի աշխատանքի շրջանակում: Նման դեպքերում խնդրում ենք դիմել Կոնտակտային կենտրոն` 111, +374 93 29 71 11: 

Համապատասխանության թիմին կարող եք գրել՝

ՀՀ, Երևան 0015, Արգիշտի փող. 4/1 հասցեով